Григор Маркосян - Мое время, или Осенний дневник (на армянском языке)
- Название:Мое время, или Осенний дневник (на армянском языке)
- Автор:
- Жанр:
- Издательство:неизвестно
- Год:2018
- ISBN:нет данных
- Рейтинг:
- Избранное:Добавить в избранное
-
Отзывы:
-
Ваша оценка:
Григор Маркосян - Мое время, или Осенний дневник (на армянском языке) краткое содержание
Мое время, или Осенний дневник (на армянском языке) - читать онлайн бесплатно ознакомительный отрывок
Интервал:
Закладка:
Սրբերի շարքն անցած հին իմաստուններից մեկը՝ Երանելի Ավգուստինը, հիշողությունները հոգու ապացույց է համարում: Նրանք հոգու մեջ են պահվում և հարկավոր պահին այնտեղից են հայտնվում, նշանակում է հոգի գոյություն ունի, հիշողություններն են նրա վկան, ասում է նա:
Այս պահին ես գիտեմ, որ ցավն է հոգու վկան… Մերոնք բոլորը հողի տակ են, իսկ մեր մեծ տան տեղում եղինջ է աճում… Անմխիթար ցավն է հոգու վկան:
Մայրս հպարտանում էր, որ մեր տանը բոլորը կարդացող են, բայց հպարտանում էր տխրությամբ ու ափսոսանքով, որ գրքերը հաց չեն տալիս: Իսկ հայրս հույսը չէր կտրում.
– Սև գիրը կարմիր օրեր կբերե, կնիկ:
Նա շատ էր սիրում կարդալ, մանավանդ ձմեռները: Ցերեկները նստում էր թախտի ծայրին, երդիկի տակ ու կարդում էր: Եթե ձյուն տեղար կամ բուք լիներ, երդիկները փակվում էին ու տունը մթնում էր: Այնժամ հայրս մեզանից մեկնումեկին ուղարկում էր երդիկները մաքրելու: Մենք աշնանից նրանց մոտ բարձր ձողեր էինք տնկում, որ ձմեռը գտնենք:
Երեկոները հայրս նստում էր սյան տակ, լամպին մոտիկ և սովորաբար կարդում էր բարձրաձայն, մանավանդ եթե լսող էր ունենում:
Բազմաթիվ ձմեռային երեկոներ ես ու Խաչիկը հափշտակված լսել ենք նրա ընթերցումները: Դրսում սուլում ու երգում էր լեռներից փչող քամին, իսկ հայրս կարդում էր նավթի լամպից տարածվող լուսավոր շրջանակի մեջ նստած: Այդպես մենք լսել ենք մեր ժողովրդական հեքիաթները, պատմավեպերը, Վախթանգ Անանյանի գրվածքները, «Ռոբինզոն Կրուզո»-ն, «Անգլուխ ձիավորը», «Տասնհինգամյա նավապետը» և այլն:
Չորս անառարկելի հեղինակություններ կային հորս համար՝ Րաֆֆին, Ջիվանին, Թումանյանն ու Ռափայել Պատկանյանը, որին միշտ Գամառ Քաթիպա էր կոչում:
Րաֆֆու գործերը, մանավանդ պատմավեպերը, նա ընկալում էր որպես ստույգ իրողություն, որպես հայ ժողովրդի կենսագրություն: Նրանք, բացի հարուստ տեղեկություններ տալուց, մինչև հոգու խորքը հուզում էին հորս: Խիստ հուզական տեսարանները նա անվանում էր «դժվար տեղեր» և կարդում էր մտքում, միայն շուտ-շուտ թաշկինակով աչքերն էր սրբում: Այդպիսի տեղերից էին պանդուխտ հոր և որդու հանդիպումը «Ղարիբ մշեցին» պատմվածքում, Մուրադի և հոր հանդիպումը «Խաչագողի հիշատակարան»-ում, Դրաստամատի այցելությունը շղթայակապ Արշակ թագավորին և այլն:
Ջիվանին սրբություն էր հորս համար: Նա փոխարինում էր ավետարաններին, Առակաց գրքին ու սաղմոսներին, որոնք անչափ սիրում էր, որոնցով կրթվել ու դաստիարակվել էր: Հորս հոգուն հարազատ էին մեծ գուսանի իմաստությունը, լավատեսությունն ու հայրենասիրությունը:
Հայրս բառացիորեն անբաժան էր նրա գրքից, գիշերը քնելիս դնում էր բարձի մոտ, անգամ հետը դաշտ էր տանում, կարդում էր թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին աղոթքի պես: Այդ գիրքը ես գնել էի Ախալքալաքի շուկայում մի ծերունուց: Այն հետաքրքիր ճակատագիր էր ունեցել, մի քանի տերեր էր փոխել Ստեփան Զորյանի կովի պես: Երկու-երեք տարի առաջ էր լույս տեսել, բայց պատկանել էր վեց հոգու: Վեցերորդ տերը՝ մի հեշտիեցի, խոշոր տառերով գրել էր շապիկին.
– Մուրազիս հասա, անջախ նաշոլ…
Թումանյանի քառյակները շատ էր սիրում հայրս, առհասարակ նրա գործերը շատ բարձր էր գնահատում, միայն թե չէր ներում նրան Գիքորի մահվան համար, կարդալիս միշտ լալիս էր ու ասում.
– Անաստվա՛ծ, էդպես կգրե՞ն, ինչու՞ մեռներ անմեղ երեխան:
Հորս սրտին առանձնապես հարազատ էին Պատկանյանի գյուղական ռոմանտիկ պատկերները, իսկ առանձին ոգեշունչ պահերի կամ գինովության ժամանակ երգում էր նրա «Թե իմ ալևոր հերքս սևնային» բանաստեղծությունը: Մի անգամ էլ քիչ էր մնացել փորձանքի մեջ ընկներ այդ պատճառով: Մի հարսանիքում, գինովցած լինելով, երգել էր, հաջորդ օրը կանչել էին կոլխոզի գրասենյակ, թե դաշնակցական երգեր ես երգում: Կատարածու Կուտուզենց Աբրահամը, որը եկել էր ետևից, ճանապարհին խորհուրդ էր տվել.
– Մեղքդ վրադ առ, ասա՝ սխալվել եմ, խմած եմ եղել, թե չէ կկորցնեն, երեխաներդ անտեր կմնան, աշխարհում ի՞նչ կփոխվի:
Հորս փրկել էին Աբրահամի խորհուրդներն ու մեկ էլ այն, որ առաքինի մարդու անբիծ անուն ուներ գյուղում, բոլորը հարգում էին նրան:
Վերջին գիրքը, որ կարդում էր նա, «Մխիթար սպարապետ»-ն էր: Հասել էր այն տեղին, ուր պատմվում էր, թե ինչպես Դավիթ բեկի հետ գժտված Մխիթար սպարապետը ճակատամարտի ամենածանր պահին իր զորքով գալիս է նրան օգնության: Հասել էր այդտեղ, բայց շարունակել չէր կարողանում, հուզմունքից լալիս էր:
Ամառը վերջացավ, բայց նա այդպես էլ չկարողացավ հաղթահարել այդ «դժվար տեղը»: Աշնանը, երբ արտերն էին հնձում, մահացավ։ Իր սիրած ամիսն էր, սեպտեմբերը:
* * *
Հիշու՞մ ես մեր վերջին ձմեռը գյուղում, աղջիկս:
Այնպես ցուրտ էր, ձյունն ու քամիները շատ:
Մայրս հիվանդ էր, դու խնամում էիր նրան այնպիսի սիրով, որին միայն քո բարի սիրտն ու զգայուն հոգին են ընդունակ:
Վառարանի վրա բարակ լավաշներ էիր թխում: Դեռևս անվարժ քո մատներն այրվում էին, արցունքոտվում էին պայծառ աչքերդ, բայց դու թաքցնում էիր արցունք ու ցավ, որ ես չտեսնեմ: Եվ ծիծաղում էիր…
Աշխարհը խառնվել էր, աշխարհի հետ խառնվել էր և մեր կյանքը: Դժվար ժամանակ էր: Դու հասնում, օգնում էիր բոլորին, կիսում, տալիս էիր ունեցածդ, սերդ ու գուրգուրանքդ էիր տալիս, միայն մոռանում էիր ինքդ քեզ: Հետո այդպես էիր վարվում ամեն անգամ, ամեն տեղ, ուր որ նետել է մեզ կյանքը: Ոչ ոք դա քեզ չի սովորեցրել, քո էությունն է այդպես՝ հրեշտակային, իմ սիրելիս:
Հակոբ քեռին ու մեր հարևան Սամվելը այն ձմեռ գալիս էին «օդա նստելու» մեր տանը: Հակոբ քեռին հետաքրքիր պատմություններ էր պատմում իր կյանքից: Նրանց մեջ շատ թուրքեր կային: Հռոմեական այն կոնսուլի նման, որը ինչի մասին էլ խոսեր, իր բոլոր ելույթները վերջացնում էր միևնույն կոչով՝ Կարթագենը պետք է կործանվի, Հակոբ քեռին էլ իր բոլոր պատմություններն այսպես էր ավարտում.
– Թուրքին հավատալ չի կարելի:
Սամվելը դիտմամբ գրգռում էր նրան, որ նոր բան պատմի:
– Ինչու՞ միայն թուրքին, հիմա ոչ ոքի հավատալ չի կարելի, այնպիսի ժամանակ ենք ապրում, որ մարդուն պետք է հազար անգամ փորձել, նոր վստահել:
Եվ Հակոբ քեռին պատմում ու պատմում էր և դարձյալ խոսքը վերջացնում էր նույն կերպ՝ թուրքին հավատալ չի կարելի:
Այդպես մենք կարճում էինք ձմռան երկար գիշերները:
Բաքարյան Կարենն էր միշտ այցելում մեզ այն ձմեռ: Գալիս էր, ինչպես ինքն էր ասում, քո աննման ծիծաղը լսելու համար ու միշտ սիրտ էր տալիս ինձ.
– Կանցնին էս օրերը, Մարկոսյան ջան, լավ օրեր կգան:
Նա մեկն էր այն քչերից, որոնց մեջ միացած էին մարմնի ուժն ու հոգու պոեզիան, այդտեղից էր նրա լավատեսությունը:
Թե գիտենայի ինչ է սպասվում մեզ, մնացած բոլոր օրերս հոժարությամբ կտայի, միայն թե այդ օրերը չանցնեին:
Հիշու՞մ ես, ինչպես հյուր գնացինք Կարենենց, երբ վերադարձել էր նրա հայրը՝ Վարոսը: Նա վարորդ էր, ավտովթարի պատճառով բանտարկվել էր: Նստել էր որոշ ժամանակ ու նոր ազատվել, վերադարձել էր տուն:
Վարոսի ավագ որդին ու աղջիկներն էին եկել հեռուներից, հոր սիրած երգերն էին երգում, արտասանում էին: Այնպես թեթև ու գեղեցիկ էր այդ երեկոն, այնպես հուզիչ ու բնական էր ամեն ինչ, որ Վարոսը կարծես մոռացել էր կրած դառնությունները:
Նա մեր գյուղի առաջին վարորդներից էր, որոնք փայտե խցիկներով «Գազիկ» էին քշում: Նրանց նախանձում էին ընկերները, իսկ աղջիկները սիրահարվում էին:
Նրա հորը՝ Ազիզենց Մադոյին, ձերբակալել էին երեսունյոթ թվին որպես «ժողովրդի թշնամու», դաշնակցական գաղտնի խմբակի անդամ լինելու մեղադրանքով: Իբր թե այդ խմբակի անդամները մի գիշեր հավաքվել էին Կուճուճայենց օդայում և նրանցից մեկը երգել էր «Ինչու՞ բոլորն եկան, իմ Զոհրան չեկավ» երգը: Դա տարածված երգ էր ինչ-որ արևելյան հին սիրավեպից, իսկ կոմունիստների կարծիքով նշանակում էր ինչու՞ դաշնակները չեկան…
Читать дальшеИнтервал:
Закладка: